Պատմություն

1918 թ. գարնանը թուրքական 50 հազարանոց բանակը կենտրոնացել էր Կովկասյան ճակատում։ Նրանք ծրագրել էին նվաճել ողջ Արևելյան Հայաստանը, հասնել Բաքու, Դաղստան և Հյուսիսային Իրան։ Հայ-վրաց-թաթարական միացյալ կառավարությունը` Չխենկելու գլխավորությամբ հայերի հաշվին կատարվելիք զիջումների գնով, փորձում էր համաձայնության գալ թուրքերի հետ։ Արդյունքում 1918 թ. ապրիլի 12-ին (25-ին) առանց դիմադրության հանձնվեց Կարսը, որից հետո թուրքական իշխանությունները վերջնագիր ներկայացրեցին Ալեքսանդրապոլում գտնվող հայկական զորքերի հրամանատարությանը։ Պահանջվում էր հանձնել քաղաքը և 25 կմ զորքը հեռացնել երկաթուղուց։ Չսպասելով վերջանգրի պատասխանին` մայիսի 15-ին թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը, որից հետո թուրք-անդրկովկասյան պատերազմը վերածվեց թուրք-հայկական պատերազմի։ Ճակատային գիծը ձգվում էր Ջավախքից Ալեքսանդրապոլ, Արաքս գետից մինչև Մարգարա։ Մայիսի 7-ին թուրքերը արդեն ներխուժել էին Ջավախք։ Հայերը համառ դիմադրություն ցուցաբերեցին Ախալքալաքում, թուրքերին չհաջողվեց գրավել Ախալցխան։ Հայկական ուժերը, մեծամասամբ արևմտահայերից բաղկացած, Արագածի լեռնազանգվածը մաքրեցին քրդերից ու թաթարներից։ Թուրքական զորքերը՝ Ալեքսանդրապոլը գրավելուց հետո, շարժվեցին դեպի Երևան։ Հայ բնակչությունը և Սիլիկյանի գլխավորած Երևանյան զորախումբը շարժվեցին թշնամու դեմ, որից հետո հաղթանակին նպաստեց նաև Երևանի դիկտատոր Արամ Մանուկյանը։ Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը հրաժարվեց տեղափոխվել Բյուրական և մնաց ժողովրդի ու զորքի հետ։ 
Մայիսի 19-ին սկսվեց թուրքերի առաջխաղացումը։ Առանձին հայկական կորպուսի Երևանյան զորախմբի կազմում այդ պահին կար մոտ 10 հազար մարտիկ` Սարդարապատի ուղղությամբ` 5500, իսկ թշնամին նույն ուղղության վրա ուներ 6 հազար կանոնավոր զորք և 1500 քրդական հեծելազոր։
Մայիսի 21-ին կատաղի մարտերից հետո հայկական ուժերը նահանջեցին` հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը։ Մովսես Սիլիկյանին հրամայված էր հակահարձակման միջոցով կասեցնել թուրքերի առաջխաղացումը դեպի Երևան։
Մայիսի 22-ի առավոտյան հայկական զորքը դիմեց հարձակման․ հաջորդ օրը Սարդարապատը ազատագրված էր։ Մայիսի 22-28-ը ընկած ժամանակահատվածում թշնամին կորցրեց 3500 զինվոր և նահանջեց 60 կմ` խուճապահար անցնելով Ախուրյանի աջ ափը։ Թուրքական 10 հազարանոց զորքը շարժվեց Բաշ-Ապարան` նպատակ ունենալով դուրս գալ Աշտարակ և Քանաքեռի գրավմամբ` փակել օղակը Երևանի շուրջ։ 
Մայիսի 23-ին Երևանյան զորախմբից 5 հազարանոց մի ուժ՝ հրամանատար Դրոյի գլխավորությամբ, շարժվեցին Բաշ-Ապարան և տարան իրենց առաջին հաղթանակը։ Ապարանի ճակատում մարտերը շարունակվեցին մինչև մայիսի 29-ը, որտեղ հայկական ուժերը գրանցեցին իրենց երկրորդ խոշոր հաղթանակը։

Оставьте комментарий